Միջնորդում եմ սույն գործով որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին. Հրայր Թովմասյան

Աննա Կոստանյան 9.07.2021 - 18:25
9.07.2021 - 18:25 դիտում

Ես ունեմ երեք առաջարկություն կամ միջնորդություն. այս միջնորդությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ դիմումատուներն իրենց դիմումներում մատնանշել են որոշակի փաստական հանգամանքներ, որոնց պատասխանողները և հարակից պատասխանողները չեն կարող պատասխանել, որովհետև իրենց իրավասությունից դուրս է: Այս մասին ՍԴ նիստի ընթացքում, որտեղ քննվում է 4 քաղաքական ուժերի՝ ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը, հայտարարեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Նրա միջնորդություններից առաջինը վերաբերում է հանրապետության նախագահին ու հարցին, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին:

«Այդ հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց առնվազն 3 դիմումում այդ հարցը բարձրացված է, և միջնորդում եմ, որ, հիմք ընդունելով ՍԴ մասին ՀՀ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, սույն գործով պարզման ենթակա հանգամանքները, մասնավորապես՝ ինչով են պայմանավորված եղել հանրապետության նախագահի կողմից որպես ընտրության օր վարչապետի կողմից նախապես հայտարարված հունիսի 20-ը նշանակելը, ես միջնորդում եմ սույն գործով որպես վկա հրավիրել հանրապետության նախագահին, որ այս հարցերի պատասխանը տա, որովհետև նա, այնուամենայնիվ, ուներ փոքրիկ հայեցողություն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները նշանակել ոչ շուտ, և ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում»,-ասաց նա։

Թովմասյանի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր ՄԻՊ-ի՝ ընտրական պրոցեսի վերաբերյալ զեկույցին. «Ես միջնորդում եմ ՄԻՊ-ից պահանջել ներկայացնել 2021 թվականին ընտրական գործընթացներին մարդու իրավունքների խախտումների առնչությամբ տեղեկատվություն: Եթե սահմանված ժամկետում այդ տեղեկատվությունը ներկայացնելն անհնարին լինի, ապա միջնորդելու եմ ՄԻՊ-ին որպես վկա ներգրավել սույն գործով, որովհետև նաև նրան ուղղված հարցեր կան»,-ասաց նա:

Վերջին՝ երրորդ միջնորդությունն էլ վերաբերում էլ Դատական դեպարտամենտից տեղեկատվություն պահանջելուն: «Առաջարկում եմ ՀՀ դատական դեպարտամենտից պահանջել տեղեկատվություն հետևյալի մասին՝ ինչպես են դատարանները մեկնաբանել և կիրառել ՀՀ ՔՕ 226.2 հոդվածում սահմանված՝ «բռնություն հրապարակելու հրապարակային կոչեր» և «բռնությունը հրապարակային քարոզել բառակապակցությունները»»,-ներկայացրեց Թովմասյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ