Միջազգային հանրությանը կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար. ԱԺ հայտարարության նախագիծ

Աննա Կոստանյան 14.12.2022 - 15:01
14.12.2022 - 15:01 դիտում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրեց «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

«2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ԼՂ-ին զրկել արտաքին աշխարհի հետ կապից:

Սադրանքի նախապատրաստման համար Ադրբեջանը տևական ժամանակ ստեղծում էր քարոզչական կեղծ պատրվակներ: Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, մնացել են ցուրտ ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում:

Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները:

120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում:

Ահագնացնելով սադրիչ և հակամարդկային գործողությունները՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է ԼՂ-ն բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո:

Ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:

Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետևանքով ԼՂ-ում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո: Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը ԼՂ հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն:

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգն ավելի առարկայական են դարձնում:

Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանն ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որոնց համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ին կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակղմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար:

Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող և անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ»,- հայտարարության տեքստը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նշենք, որ ընդդիմությունը լքեց դահլիճը այն պահին, երբ Կոնջորյանը սկսեց ներկայացնել հայտարարության տեքստը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ էր ընդդիմության հետ քննարկումներ անել և ունենալ միասնական տեքստ: Նրա խոսքով՝ ընդդիմությունը հրաժարվել է:

«Ընդդիմությունը նաև հրաժարվեց մասնակցել այս հայտարարության նախագծի քննարկմանը և ներկայացնել իրենց դիտարկումները: Հայտարարեցին, որ այսօր իրենց մոտեցումները կներկայացնեն միտինգի ժամանակ: Սա նշանակում է, որ մեր ընդդիմությունը ԱԺ-ում ոչ թե հայտարարության նախագիծ էր ուզում ստանալ, այլ ուզում էր ԱԺ-ում ստանալ միտինգ, ինչը չստացվեց»,- ասաց Կոնջորյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ