Մինչ օրս Հայաստանը պատասխանի է սպասում հայ ռազմագերիների սպանության տեսանյութի հետաքննության մասով. Ալեն Սիմոնյան

Աստղիկ Խաչատրյան 14.04.2023 - 21:28
14.04.2023 - 21:28 դիտում

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինվորականին մեր երկրում քաղաքացիական անձինք են բռնել և հանձնել ոստիկանությանը։ Ընդ որում, ադրբեջանցի զինվորականը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ։ Այսօր Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) լիագումար նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հայաստանի խորհրդարանի խոսնակն արձագանքում էր Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի ելույթին, թե սահմանին անհետ կորած ադրբեջանցի երկու զինծառայողներին Հայաստանում «տանջանքների են ենթարկել»։
Սիմոնյանը հակադարձեց ադրբեջանցի խոսնակին` հիշեցնելով, որ մինչ օրս Հայաստանը պատասխանի է սպասում հայ ռազմագերիների սպանության տեսանյութի հետաքննության մասով։
«Տիկին Գաֆարովան մեր նախորդ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Ադրբեջանի դատախազությունը հետաքննություն կիրականացնի այն տեսանյութի փաստով, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները հայ անզեն ռազմագերիների ուղղությամբ դիմահար կրակ բացում։ Հուսով եմ` ադրբեջանական դատախազությունը վերջապես ինչ–որ պատասխան կներկայացնի այս տեսանյութի առնչությամբ»,– նշեց Սիմոնյանը։
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11-հոգանոց պատվիրակությունը ապրիլի 12-15-ը գործուղվել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 55-րդ լիագումար նիստին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ