Մենք պետք է ստիպենք աշխարհին դադարեցնել թնդանոթները, բռնությունը, ատելությունը. Լիլիթ Մինասյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

18.11.2023 - 23:01 դիտում

Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:

«Հարգելի՛ գործընկերներ, բարի գալուստ Հայաստան, հուսով եմ՝ կվայելեք մեր երկրի հյուրընկալությունը:

Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ԵԱՀԿ-ի դերը կոնֆլիկտների տարածաշրջաններում: Բազմիցս խոսելով պատերազմների սպառնալիքների, դրանց հետևանքների, աշխարհում տիրող ահագնացող տագնապալի երևույթներից՝ մենք՝ որպես պառլամենտականներ, Հելսինկյան ակտին հղում անելով՝ շեշտել ենք խաղաղ լուծումների և երկխոսության կարևորության մասին: Բայց իրականությունը գնալով ավելի ու ավելի դաժան է դառնում:

Երբեմն տպավորություն է, որ աշխարհում քաղաքական գործիչների խոսույթը, դիվանագիտական լեզուն, գործող համակարգերն այլևս կորցրել են իրենց ուժը: Գնալով ավելի անորոշ է դառնում ապագան, ծնվում և մեծ թափ են հավաքում նորանոր ճգնաժամային կետեր, օրեցօր աճում է պատերազմներից զոհված մարդկանց թիվը:

Ես կփորձեմ մի քանի օրինակով խոսել պատերազմի այլ երեսի մասին: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ երկրների կառավարությունները չեն տեսնում, չեն լսում այդ կողմը: Պատերազմը մարդկանց կյանքերի մասին է: Իսկ մարդը բարձրագույն արժեք է: Ես ուզում եմ ձեզ պատմել Կամոյի պատմությունը, որը 30 տարեկան տղա է, իր կյանքից շատ սիրում է իր հայրենիքն ու իր հայրենակիցներին: Կամոն կռիվ է գնացել 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում: Կամոն չի մահացել, բայց հետ չի եկել կռվից: Կամոն երազներում կռվի դաշտում է, հավաքում է արկի պայթյունից մահացած իր ընկերոջ մասունքները պարկի մեջ: Կամոն 12 օր ապրել է սարի գլխին առանց ջուր, հաց, որովհետև սարը շրջափակված էր թշնամու կողմից:

Պատմեմ ձեզ Էլմիրա տատի պատմությունը: Էլմիրան 62 տարեկան կին է: Սեպտեմբերի 19-ի կռիվը սկսելուց հետո թոռներն ու երեխաները հասցրել են փախչել գյուղից, որի վրա հարձակվել էին ադրբեջանցիները: Էլմիրա տատը չի հասցրել. գերի են վերցրել: 6 օր պահել են ձեղնահարկում՝ խոշտանգելով, վախեցնելով, ծեծելով ծեր կնոջը: Կարմիր խաչը կարողացել է փրկել: Հանդիպեցինք նրան Գորիսում: Աչքերը թաց փնտրում էր երեխեքին, երեխեքն էլ գիտեին տատն այլևս չկա:

Պատմեմ ձեզ 13 տարեկան Գոռի մասին: Սեպտեմբերի 19-ին, երբ ժողովուրդը մազապուրծ փախչում էր ԼՂ-ից, Գոռը որոշել է ինքն ընտանիքին դուրս հանի մեքնայով: 55 ժամ մեքենայի ղեկին՝ 13-ամյա տղան իր 8 հոգանոց ընտանիքը սարսափով բերել է Հայաստան: 55 ժամվա ընթացքում ոչ քնել են, ոչ՝ սնվել: Գոռը տեսել է պատերազմն իր բոլոր գույներով:

Ես պատմում եմ ձեզ ողջ մնացած մարդկանց պատմություններ, որպեսզի հասկանաք, որ հրադադարը պատերազմի ավարտը չէ: Հազարավոր մարդիկ, ովքեր տեսնում են ռումբերի հետևանքները, այլևս չեն կարող ապրել նախկինի պես: Ես ձեզ պատմեցի Կամոյի, Էլմիրայի, Գոռի պատմությունները…

Նրանց անունները կարող են լինել Իվան, Տարաս, Սուլիման, Քամել, Զայդա, Աբդուլ, Ջոն, Էմիլի… Պատերազմը մարդկային կյանքերի մասին է: Բոլորիս՝ քաղաքական գործիչների պարտքն է տեսնել այս մարդկանց տառապանքը, լսել նրանց հոգու ճիչը:

Ամբողջ մարդկությունն այսօր խաղաղություն է աղաղակում: Պետք չէ շարունակել խոսել հակամարտությունների ճիշտ կամ սխալ կողմերի մասին: Մենք պետք է ստիպենք աշխարհին դադարեցնել թնդանոթները, բռնությունը, ատելությունը: Ուշացած հարսանիքներ են արվում, իսկ ծնված երեխաները քիչ են, բայց կարծում են, որ նավթն ու գազը, ի վերջո, իրենց կյանքից թանկ չեն: Այսօր խաղաղությունը պարտադիր է:

Շնորհակալություն»,- նշել է պատգամավորը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ