Մենք պետք է լավագույն երթուղին գտնենք. Նիկոլ Փաշինյան

Անի Հովհաննիսյան 11.11.2022 - 21:50
11.11.2022 - 21:50 դիտում

Եկեք արձանագրենք, որ իրավական կարգավորումների մասով մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, երթուղիների հարցում մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք։ Պատասխանելով ճանապարհների աշխարհագրության մասին Հանրային հեռուստաընկերության հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ոչ մի խնդիր չունեմ որևէ երթուղու հետ, բացառությամբ այն տրամաբանության, թե ինչքանով է դա տեխնիկապես իրագործելի. այդ նախագիծն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», որովհետև մենք ուզում ենք, որ այդ ճանապարհներից հնարավորինս շատ տրանսպորտային միջոցներ օգտվեն, հնարավորինս շատ բեռներ դրանով փոխադրվեն, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ եկամուտներ ստանա այդ բեռնափոխադրումից։

Հիմա այս առումով ոչ մեկը մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որ դա լինի լավագույն երթուղին՝ հարմար, կարճ, տարին 12 ամիս հասանելի, անցանելի։ Մենք չենք ասել, որ կա երթուղի, որին մենք ոչ մի դեպքում չենք համաձայնվի։ Մենք հակառակը՝ միջազգային փորձագետների էլ կհրավիրենք և հրավիրել ենք, և առաջիկայում նրանք պետք է գան, մենք պետք է լավագույն երթուղին գտնենք: Ի վերջո, այդ ճանապարհները Հայաստանի հաշվին են կառուցվելու, և եթե մի ճանապարհ կառուցենք ու միլիոնավոր դոլարներ ներդնենք, և այդ  ճանապարհը, պարզվի, մարդկանց հետաքրքիր չի, անցուդարձ չկա այդ ճանապարհով, այսինքն՝ եկամուտ չի բերում Հայաստանին, կստացվի, որ մսխեցինք այդ գումարը, և այդ ճանապարհից չեն օգտվում մարդիկ: Խոսքը վերաբերում է միջազգային բեռնափոխադրումներին, Հայաստանի քաղաքացիներին, Ադրբեջանի քաղաքացիներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ գուցե Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը եկամուտներ ստանա:

«Դա ուրիշ հարց է, թող այդպես էլ ասեն։ Գուցե Ադրբեջանը մտածում է, որ պետք է այնպես լուծել հարցը, որ Հայաստանը շարունակի շրջափակման մեջ մնալ: Այստեղ է պրոբլեմը, բայց վարկածների չգնանք, վերադառնանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է, մնացածն ամբողջը տեղավորվում է այդ կոնտեքստում»,- նշեց վարչապետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ