Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Հրաչ Սահակյան 18.02.2021 - 21:01
18.02.2021 - 21:01 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքում  քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը փետրվարի 17-ին որոշում է կայացրել Մեղրի համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ այն բանի համար, որ վերջինս, 2008թ. նոյեմբերի 13֊-ից մինչ օրս զբաղեցնելով նախ Սյունիքի մարզի Ագարակ համայնքի, ապա՝ 2016թ. սեպտեմբերի 24-ից՝ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, օժտված լինելով օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու իրավասությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ագարակ քաղաքի բնակչուհին՝ հաղթելով Ագարակի համայնքապետարանի կողմից հայտարարված և 2007-ի փետրվարի 16-ին տեղի ունեցած մրցույթում,  վարձակալության իրավունքով, տարեկան 18 000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը: Ագարակ համայնքի ղեկավարի՝ նույն տարվա նոյեմբերի 28-ի որոշմամբ՝ վերոնշյալ բնակչուհուն թույլատրվել է վարձակալության տրամադրված հողատարածքը ենթավարձակալության տրամադրել երրորդ անձի: Նույն օրը Ագարակի բնակչուհու և ՓԲ ընկերության միջև կնքվել է հողի ենթավարձակալության պայմանագիր, որի համաձայն՝ Ագարակի բնակչուհին ամսական 50 000 ՀՀ դրամ (տարեկան 600. 000 ՀՀ դրամ) վարձավճարով վերոնշյալ հողատարածքը ենթավարձակալությամբ տրամադրել է ՓԲ ընկերությանը, որն էլ նշված հողատարածքում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ նշված հողատարածքը վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց ՓԲ ընկերությանը ենթավարձակալության տրամադրելու պայմանագրով օգտագործվում է ոչ իր գործառնական նշանակությամբ, համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն, 2009թ. ապրիլի 1-ին համայնքի անունից Ագարակի բնակչուհու հետ կնքել է համաձայնագիր, ըստ որի՝ վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 300 000 ՀՀ  դրամ, իսկ 2011թ. հուլիսի 27-ին, իր կողմից կայացված որոշմամբ, համայնքի բնակչուհին տուգանվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:

«Արդյունքում’ 2008թ. նոյեմբերի 13-ից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7.350. ООО ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3. 657. 500 ՀՀ դրամ՝ առաջացնելով ծանր հետևանքներ»,- տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից և հավելել, որ փետրվարի 18-ին Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել  4 մլն  ՀՀ դրամ գրավը:

Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ