Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի

Աննա Կոստանյան 27.01.2023 - 17:22
27.01.2023 - 17:22 դիտում

Պետական եկամուտների կոմիտեի և «Թանա էներջի մենեջմենթ» ընկերության միջև հունվարի 27-ին կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով:

«Թանա էներջի մենեջմենթ» ընկերությունը (Tana Energy Management Company) հաղթող է ճանաչվել ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2021 թ. դեկտեմբերի 23-ին հայտարարված միջազգային մրցույթում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես, Եվրամիությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար:

«Մեղրիի արդիականացված անցակետը միանշանակ կնպաստի Հայաստանում սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը:

Շինարարական ընկերության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կողմերի միջև կձևավորվի արդյունավետ համագործակցություն: ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին բարձր է գնահատել Պետական եկամուտների կոմիտեի հետ փոխգործակցությունը և հույս հայտնել, որ ծրագրի ավարտին կլինեն սպասված արդյունքներ:

Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ժամանակակից անցակետ:

Նշենք, որ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումն իրականացվում է Եվրամիության և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցներով:

Անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով 2020 թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ