Մեզ համար կարևոր էր, որ «Մինասի գույներով» միջազգային պլեները նորից աշխուժացներ մարզի մշակութային կյանքը. Շիրակի մարզպետ

10.12.2022 - 16:58 դիտում
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է մարզպետարանի ֆինանսավորմամբ նոյեմբերի 17-21-ը մարզում անցկացված «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեներն իրականացնող «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին ու պլեների մասնակից նկարիչների։
Կարևորելով արդեն ավանդական դարձած «Մինասի գույներով» պլեների անցկացումն ու դրա շրջանակներում մարզում մշակութային կյանքի աշխուժացումը՝ մարզպետը նշել է, որ հետևել է պլեների ընթացքին ու արված աշխատանքներին: «Մեզ համար կարևոր էր, որ համավարակի ու պատերազմի պատճառով երկու տարի դադարից հետո «Մինասի գույներով» միջազգային պլեները նորից աշխուժացներ մարզի մշակութային կյանքն ու կապերը։ Գնահատելի էր, որ այս տարի պլեները միայն երիտասարդ մասնակիցներով չանցկացվեց. ընդգրկվել էին նաև փորձառու ու բանիմաց գեղանկարիչներ, ինչը հնարավորություն էր երիտասարդների համար փորձի փոխանակման ու նոր բան սովորելու»։
«Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի ղեկավար Երանուհի Սողոյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին աջակցության համար և պատմել պլեներյան իրադարձություններից ու տպավորություններից՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի երկրորդ կեսին պատրաստվում են բարեգործական ցուցահանդես-վաճառքի, որի ընթացքում կվաճառվեն պլեների մասնակից գեղանկարիչների նվիրաբերած կտավները, հասույթն էլ կուղղվի գյուղական համայնքներում զարգացման ծրագրերի իրականացմանը:
«Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը մարզպետարանին է հանձնել պլեների մեծ կտավը, որը կպահպանվի նախորդ տարիներին ստեղծված գործերի կողքին, ինչպես նաև մարզպետարանին է նվիրաբերվել պլեների վրացի մասնակից Շալվա Փաչոշվիլիի «Հառիճավանք» գեղանկարը։
Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ և պետական ֆինանսավորմամբ առաջին պլեներն անցկացվել է 2012 թվականին։
2023-ին անցկացվելու է հոբելյանական՝ 10-րդ պլեները, որի մեծ շուքով անցկացումը, ըստ Շիրակի մարզպետի, առանձնահատուկ կարևոր է, քանզի տարին կրկնակի հոբելյանական է լինելու, «Մինասի գույներով» 10-րդ պլեները համընկնում է մինասյան տարվա հետ. լրանում է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 95-ամյակը։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Շիրակի մարզպետարանի ֆինանսավորմամբ նոյեմբերի 17-21-ը Շիրակի մարզում…

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Суббота, 10 декабря 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ