Մարզերում ժամանցային կենտրոններ կստեղծվեն. Էկոնոմիկայի նախարարին դուր է եկել միտքը

Աննա Կոստանյան 15.04.2021 - 12:54
15.04.2021 - 12:54 դիտում

Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները հաստատելու մասին նախագիծը։

Կենտրոնները կլինեն Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում, Թալինում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա զարգացման ծրագիր է, որտեղ մարդիկ կարող են մի ամբողջ օր անցկացնել, ժամանակ անցկացնել, ցուցահանդեսներ, համերգներ, քննարկումներ, ընթերցումներ կազմակերպել։

«Այդ թվում սուրճ, այդ թվում թեյ և այլն, շատ կարևոր կոմպոնենտ է», – ասաց նա։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, թե նման կառույցների ստեղծումը շատ կարևոր է հեռավար աշխատանքի հնարավորությունները ընդլայնելու համար։

«Հիմա շատ մարդիկ աշխատում են տնից, նման կենտրոնների ստեղծումը հնարավորություն է տալիս, որ մարդիկ ունենան նաև հեռավար աշխատանքի տեղեր, որովհետև շատ հաճախ տնից հարմար չէ աշխատել վատ ինտերնետի կամ վատ միջավայրի պատճառով», – ասաց նա, ինչն առաջացրեց գործադիրի անդամների ծիծաղը։

«Էս վերջերս ես մի քանի օր հեռավար աշխատեցի, երեխեքը որ կողքն են, հեշտ չի», – ասաց Քերոբյանը։

«Մանավանդ նորածինները շատ են չէ՞ խանգարում», – արձագանքեց վարչապետը։

Քերոբյանն էլ հավելեց՝ երկու ձեռքով կողմ է նախագծին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ