Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունն արդեն իմ ենթակայության տակ է լինելու. Երևանի քաղաքապետ

Աննա Կոստանյան 31.01.2022 - 12:01
31.01.2022 - 12:01 դիտում

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կարևորել է կադրային ճիշտ քաղաքականությունը և հայտնել, որ այսուհետ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը լինելու է իր ենթակայության ներքո:

«Երևան համայնքը, լինելով ամենամեծը ՀՀ-ում, բազում խնդիրների է բախվում կադրային քաղաքականության մեջ: Կարծում եմ՝ մենք պետք է լինենք առաջամարտիկ՝ մեր եղած խնդիրները բացահայտելով ներկայացնենք օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել համայնքային ծառայությունը: Նաև նշեմ, որ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունն արդեն իմ ենթակայության տակ է լինելու, անձամբ եմ այդ համակարգումն իրականացնելու»,- ասաց Սարգսյանը:

Սարգսյանը հայտնեց նաև՝ այն ոլորտները ևս, որոնք նախկինում ինքը համակարգել է որպես քաղաքապետի առաջին տեղակալ, իր անմիջական վերահսկողության ներքո են լինելու:

««Փարքինգ սիթի սերվիս»-ը, «Երևանի ավտոբուս»-ը, «Երևանի մետրոպոլիտեն»-ը, «Երևանի էլեկտրատրանսպորտ»-ը, «Գերատեսչական շենքերի պահպանում և շահագործում» ՓԲԸ-ն իմ անմիջական կուրացիայի տակ են լինելու: Բազում փոփոխություններ եմ իրականացրել այս 3 տարիների ընթացքում, այդ փոփոխություններն ինձնից լավ այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող իրականացնել»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ