Մայիսի 17-ին վնասվածք ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից

Աննա Կոստանյան 18.05.2023 - 15:33
18.05.2023 - 15:33 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 17-ին արձակված կրակահերթի հետևանքով վնասվածք ստացած ՀՀ ԶՈՒ սահմանապահ զորամասի բուժակն արդեն դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է ամբուլատոր բուժում: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող Հայաստանի ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կրակել են սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ զորամասի մարտական դիրքի ուղղությամբ։ Դրա հետևանքով վիրավորվել է զորամասի ժամկետային զինծառայողը, որը ստացված վնասվածքից հետագայում մահացել է: Ադրբեջանական զինված ուժերը նաև թիրախային կրակահերթեր են արձակել վիրավոր զինծառայողին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական դիրք մեկնած ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով դաստակի վնասվածք է ստացել զորամասի բուժակը:

Ինչպես տեղեկացրել ենք, Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել մայիսի 17-ին Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակահերթի հետևանքով զոհված մեկ զինծառայողի, ևս մեկի վիրավորվելու դեպքի առիթով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ