Մայիսից թունավոր սողուններն ակտիվանում են. Արցախում արձանագրվել է օձի հայտնաբերման 2 դեպք

Աննա Կոստանյան 11.05.2023 - 18:01
11.05.2023 - 18:01 դիտում

Մայիսից սկսած՝ թունավոր սողուններն ակտիվանում են։ Սա, թերևս պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ, ըստ այդմ՝ հողագործական և շինարարական աշխատանքների ակտիվացմամբ, որն օձերին ստիպում է տեղաշարժվել, լքել նախկին բնակավայրերը և թաքնվել մարդկանց ավելի մոտ «թաքստոցներում»՝ նկուղներում, տնամերձ այգիներում:

Եղանակի տաքացման արդյունքում էլ օձերը դուրս են գալիս թաքստոցից` զով, ստվերոտ տեղ գտնելու, ինչն էլ ավելի հավանական է դարձնում մարդկանց հետ «շփումը»: Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ընթացիկ ամսվա ընթացքում Արցախում արձանագրվել է օձի հայտնաբերման 2 դեպք, որից մեկը` բնակելի տան տարածքում։ Բարեբախտաբար, խայթոցի դեպքեր չեն գրանցվել։

Օձերի խայթոցից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս՝

Զբոսնելիս կամ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, հագնել երկարաճիտ և ամուր կոշիկներ, օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել, լինել ուշադիր և վերադառնալ նույն ճանապարհով, հաշվի առնելով, որ օձերը լսում են հողի ցնցումները և տատանումները, այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ և հարվածել հողին:

Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է՝ սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել։

Եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացնել այն, տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։

Ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց, որտեղ նրան մասնագիտական օգնություն կցուցաբերեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ