Սեպտեմբերի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 09։40-ի սահմաններում Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Արամ Հ․-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 87-ամյա Երջանիկ Մ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
