ՄԱԿ-ի ԱԽ-ն կողմնորոշվել է Ղարաբաղում տիրող իրավիճակի առավել արդիական խնդրի շուրջ

Գոհար Ստեփանյան 20.10.2020 - 11:00
20.10.2020 - 11:00 դիտում

www.aysor.am ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտությունը: Այս մասին հոկտեմբերի 19-ի երեկոյան ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ փակ հանդիպումից հետո հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, որը հոկտեմբերին նախագահում է Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհուրդը:

«Այժմ անհրաժեշտ է ապահովել (հրադադարի) իրականացումը, սա ամենահրատապ խնդիրն է, քանի որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց չի պահպանվել», – ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը: «Հիմնական հարցը մնում է, թե ինչպես ապահովել դրա իրականացման նկատմամբ վերահսկողությունը»:

«Իհարկե, այս հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և Խորհուրդը բավականին միասնական է իր մոտեցումներում», – հավելել է Նեբենզիան:

Միևնույն ժամանակ, նա բացատրել է, որ ՄԱԿ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելը «Անվտանգության խորհրդի կողմից հատուկ մանդատ կպահանջվի»:

«Սա արագ գործընթաց չէ», – ասել է դիվանագետը:

«Տեղեկություններ էին ստացվել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է, թե ինչպես կարող է իրականացվել այդ վերահսկողությունը», – նշել է նա:

Նա չի բացառել, որ ԵԱՀԿ առաքելությունը կարող է դիտորդությամբ զբաղվել, մանավանդ որ այս կազմակերպությունն իրականացնում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը:

«Ո՞վ, ինչ կարգավիճակով կլինի այնտեղ, դեռ հարց է, որը քննարկվում է», – եզրափակել է Նեբենզիան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ