ՄԱԿ-ը կոչ է անում հրատապ օգնություն ցուցաբերել Ղարաբաղից փախստականներին

9.10.2023 - 19:04 դիտում

ՄԱԿ-ը և նրա գործընկերները շաբաթ օրը գործարկել են Արտակարգ արձագանքման ծրագիրը՝ 136 հազար փախստականներին օգնելու համար: Այն նախատեսում է 97 միլիոն դոլար տրամադրել՝ Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանում նրանց հյուրընկալողներին, հրատապ կարիքների համար, ի հաջակցություն կառավարության պատասխան քայլերի, գրում է news.un.org կայքը:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը շտապ աջակցել փախստականներին և նրանց ընդունողներին», – հայտարարել Է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «Միջազգային աջակցությունը շատ կարևոր է այս ընդունելությունը պահպանելու հարցում, նաև պետք է կարողանանք արձագանքել հրատապ կարիքներին, հիմնվել այս բնակչության կենսունակության վրա»:

Սեպտեմբերի վերջին ռազմական գործողությունների սրումից հետո մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական։

«Տեղական հյուրընկալող համայնքները մեծահոգաբար բացել են իրենց դռները և հսկայական համերաշխություն ցուցաբերել փախստականներին», – ասել է պարոն Գրանդին: «Տեղական արձագանքը, որը ղեկավարում էին Ազգային իշխանությունները, կամավորներն ու քաղաքացիական հասարակությունը, նույնպես ոչ պակաս ուշագրավ էր»:

Փախստականների շտապ արձագանքման հայաստանյան ծրագիրը միավորում է 60 գործընկերների, այդ թվում՝ 43 ազգային ՀԿ-ների, և ընդգրկում է օգնության աշխատանքներ վեցամսյա ժամկետով՝ մինչև 2024 թվականի մարտի վերջ:

Համատեղ ծրագիրը նպատակ ունի աջակցել մոտ 231,000 մարդու, այդ թվում՝ 136,000 փախստականի և տեղական հյուրընկալող համայնքների 95,000 անդամներին: Նոր ժամանածների թվում կան մոտ 30,000 երեխաներ և բազմաթիվ խոցելի մարդիկ, ներառյալ հղի կանայք, հաշմանդամություն ունեցողներ և նրանք, ովքեր ունեն քրոնիկ առողջական խնդիրներ: Փախստականների կեսից ավելին տարեց մարդիկ են և երեխաներ։ Ծրագիրը հաշվի է առնում նաև գալիք, դաժան ձմեռային ամիսները։

Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 փախստականի ընդունումը հսկայական ճնշում է Հայաստանում ընդունող համայնքի և գործող ազգային ծառայությունների վրա: Ժամանած փախստականները կազմում են երկրի բնակչության ավելի քան 3,4 տոկոսը և լրացնում են եղած փախստականներին, ապաստան հայցողներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք թիվը մոտ 35 հազար է:

ՄԱԿ-ի արձագանքման ծրագիրը կաջակցի և կլրացնի կառավարության պատասխան գործողությունները ՝ շեշտը դնելով արտակարգ իրավիճակների պաշտպանության և օգնության վրա, միևնույն ժամանակ կենտրոնանալով ինտեգրման, կայունության ու որոշումների վրա, ընդգրկելով ինչպես փախստականներին, այնպես էլ ընդունող համայնքներին:

Ծրագիրն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, մասնավորապես պաշտպանությունը, կենտրոնանալով գենդերային բռնության, երեխաների պաշտպանության, կրթության, սննդի անվտանգության, սնուցման, առողջության, կայունության, ապաստանի և ոչ պարենային ապրանքների վրա: Երկարաժամկետ հեռանկարում ուշադրությունը նպատակաուղղված կլինի ապահովելու ազգային հանրային ծառայությունների ներառումն ու հզորացումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ