Ղրիմի կամրջի պայթյունի գործով կալանավորվել է 3 հայ

Աննա Կոստանյան 14.10.2022 - 14:32
14.10.2022 - 14:32 դիտում

Սիմֆերոպոլի Կիևյան շրջանային դատարանը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի քրեական գործով կալանավորել է հինգ մեղադրյալի, «Ինտերֆաքս»-ին հաստատել են դատարանի մամուլի ծառայությունից։

«Նրանք բոլորն ունեն կասկածյալի կարգավիճակ, բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը մինչև դեկտեմբերի 8-ը», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նախօրեին հաղորդվել էր կասկածյալների ձերբակալության մասին՝ վկայակոչելով աղբյուրին։ Խոսքը Արտեմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբի և Արթուր Տերչանյանի մասին է։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում բեռնատար է պայթեցվել, որից հետո վառելիքի բաքերը հրդեհվել են, տեղի է ունեցել մասնակի փլուզում:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մաս):

Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Ռուսաստանի հինգ քաղաքացու, ինչպես նաև Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացու ձերբակալության մասին, որոնք, քննիչների տվյալներով, մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը։ Իր հերթին ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ընդհանուր առմամբ բացահայտվել է 12 մարդ, «որոնք անմիջականորեն առնչություն ունեն ահաբեկչական գործողության կատարման հետ»։

Ըստ քննիչների՝ «Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալները»։ Պայթուցիկ սարքը, ըստ հետաքննության տվյալների, քողարկվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ և Օդեսայի նավահանգստից Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով առաքվել է Ղրիմ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ