Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը դիտարկում ենք բացառապես ադրբեջանական կողմի հետ. Գալուզին

30.12.2023 - 14:48 դիտում

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին, նշել՝ դրանք այնտեղ տեղակայվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և այն ոչ ոք չի չեղարկել:

«Փաստաթղթով նախատեսված է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն հինգ տարի՝ մինչև 2025 թվականի նոյեմբեր՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ: Իհարկե, տեղում իրավիճակն արմատապես փոխվեց, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշեց ճանաչել Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին, որն ամրագրվեց ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հանդիպումից։ Այժմ մենք Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը դիտարկում ենք բացառապես ադրբեջանական կողմի հետ։ Դա տեղի է ունենում փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում»,- ասել է Գալուզինը։

Դիվանագետն անդրադարձել է նաև Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազային։

«Ռուս զինվորներն ու սպաները շարունակում են արդյունավետորեն ապահովել ոչ միայն Հայաստանի խաղաղությունն ու անվտանգությունը, այլև կայունությունը ողջ Հարավային Կովկասում: Հանրապետությունում մեր ռազմական ներկայության վերաբերյալ ցանկացած քննարկում համարում ենք վնասակար և անտեղի»,- եզրափակել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ