Ձյուդոիստները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի մրցաշարում

12.05.2022 - 20:23 դիտում

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը՝ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, երկու մեդալ է նվաճել Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված Եվրոպայի գավաթի մրցաշարում:

Հայաստանի հավաքականի կազմում 73 կգ քաշային Արսեն Ավետիսյանը դարձել է արծաթե, իսկ 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը՝ բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի գավաթի մրցաշարին 27 երկրի 237 ձյուդոիստ է մասնակցել: Արսեն Ավետիսյանը 4 վստահ հաղթանակ տոնելուց հետո եզրափակչում զիջել է հունգարացի մարզիկին և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին, իսկ Արտյոմ Ղալաչյանը մեկնարկային գոտեմարտում պարտվելուց հետո 4 հաղթանակ է տարել և բրոնզե մեդալ նվաճել:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի խոսքով՝ տղաներն արդարացրել են սպասելիքները.

«Ընդհանուր արդյունքներից շատ գոհ եմ: Սա տղաների առաջին մեդալն է մեծահասակների պայքարում, և կարելի է համարել, որ սրանով սկիզբ է դրվում ավելի մեծ հաղթանակների։ Տղաներից յուրաքանչյուրի քաշային կարգում 30-ից ավելի մասնակիցներ են եղել, ուստի մեզ համար այս մրցաշարը համարում եմ հաջողված, փորձելու ենք նման հաջողություններ գրանցել նաև հետագա առաջնություններում»:

Բուխարեստում կայացած Եվրոպայի գավաթի մրցաշարին մասնակցել են նաև պատանի ձյուդոիստները՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ: 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գոռ Կարապետյանը գրավել է մրցանակային երկրորդ հորիզոնականը և դարձել արծաթե մեդալակիր, իսկ 55 կգ քաշային Վահե Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել: Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը մայիսի 20-ին կմեկնի Վլադիկավկազ, որտեղ միջազգային ուսումնամարզական հավաքի կմասնակցի: Հավաքի արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը Թբիլիսիում կմասնակցի «Մեծ սաղավարտի» մրցաշարին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ