Հրադադար, հարձակումների դադարեցում, տեղահանվածների վերաբնակեցում. Մոսկվայում մեկնարկել են Թեհրանի՝ ԼՂ կարգավորման հարցով նախաձեռնության վերաբերյալ ռուս-իրանական բանակցությունները

Աննա Կոստանյան 29.10.2020 - 15:56
29.10.2020 - 15:56 դիտում

Հինգշաբթի Մոսկվայում մեկնարկել են Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչիի և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի բանակցությունները, որոնց թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, Tert.am-ի հաղորդմամբ, գրում է IRNA գործակալությունը:

Հայտնի է, որ Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման նոր նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը հատկացված է տարածաշրջանի երկրներին: Այս մասին Արաքչին հայտնել է Մոսկվա ժամանելուց հետո:

«Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է ՌԴ-ում Իրանի դեսպանության թելեգրամյան ալիքը:

«Մենք տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այն երկրներից, որոնց հիմնական դերն այս ճգնաժամի լուծումն է, և Ռուսաստանը կարևորագույն երկրներից է տարածաշրջանում»,- ասել է Արաքչին:

Ըստ պաշտոնյայի՝ իրանական նախաձեռնությունը հիմնված է մարդասիրական սկզբունքների և հակամարտող երկու կողմերի պահանջները հաշվի առնելու վրա: Նախաձեռնությունը ներառում է հրադադար, հարձակումների դադարեցում բնակելի տարածքներում ու քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև տեղահանվածների վերաբնակեցում:

Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդդյունավետությունը ԼՂ խնդրի լուծման հարցում:

Հայտնի է, որ նախքան Մոսկվա ժամանելն Արաքչին եղել է Բաքվում: Նախատեսվում է, որ պաշտոնյան կայցելի Երևան և Անկարա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ