Հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի համար. Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 12.08.2021 - 11:28
12.08.2021 - 11:28 դիտում

Մեզ համար ընդունելի է սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը. կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնհայտ է, որ այս պայմանի կատարումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար: Եթե սադրիչ հայտարարությունների հետաձգելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշապես բանավեճերի տեղիք է տալիս: Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումն էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման:

«Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պիտի լինի ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ