Հունվար-ապրիլին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 96%-ով՝ կազմելով գրեթե 660 մլրդ դրամ. Միշուստինը՝ Փաշինյանին

Աննա Կոստանյան 7.06.2023 - 16:58
7.06.2023 - 16:58 դիտում

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ այսօր հայ-ռուսական առևտրատնտեսական փոխգործակցությունը, չնայած Արևմուտքի պատժամիջոցներին, ակտիվ, դինամիկ զարգանում է:

«Հունվար-ապրիլին ապրանքաշրջանառությունն աճել է 96%-ով՝ կազմելով գրեթե 140 մլրդ ռուբլի կամ 660 մլրդ դրամ»,- ասել է Միշուստինը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պահպանել այս միտումը և նոր ռեկորդային ցուցանիշներ գրանցել:

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ում բարեհաջող աշխատում է 4500-ից ավելի ռուսական կապիտալով ընկերություն:

«Մենք հետաքրքրված ենք էներգետիկայի, լեռնահանքարդյունաբերության, թվայնացման, գյուղատնտեսության ոլորտներում համատեղ նախագծերի գործարկման հարցում», – հավելել է Միշուստինը:

«ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ կանոնավոր աշխատանք ենք տանում Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Առհասարակ, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից», – եզրափակել է Միշուտինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ