ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ

Աստղիկ Խաչատրյան 25.05.2021 - 21:37
25.05.2021 - 21:37 դիտում

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Մայքլ Շուլմանի գործունեության ավարտի կապակցությամբ մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը, միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թայիրյանը և ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աշխատակիցները:

Ողջունելով հյուրերին՝ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեին՝ տարիների ընթացքում ցուցաբերված օգնության և օժանդակության համար: Կարևորելով երկարամյա համագործակցությունը՝ Քննչական կոմիտեի նախագահը շեշտել է, որ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են և նպաստում են Քննչական կոմիտեի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, կազմակերպաիրավական ընթացակարգերի որակական առավել բարձր հարթություն տեղափոխելուն, ինչպես նաև՝ աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումից ի վեր ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեին նվիրաբերվել է թվով 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 ցանցային սարք և ծրագրային լիցենզիաներ, ինչպես նաև՝ այլ սարքավորումներ, որոնց շնորհիվ Կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քրեական գործերը թվայնացվում են, այսինքն՝ ստեղծվում են էլեկտրոնային արխիվ և էլեկտրոնային գրադարան, քննիչների համար կազմակերպվել են դասընթացներ, վերապատրաստումներ, քննարկումներ:

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ շնորհիվ տրամադրված տեխնիկայի՝ Քննչական կոմիտեն այսօր ունի համակարգչատեխնիկական լաբորատորիա, որը նպաստում է քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը, ապահովմանն ու հանցագործությունների բացահայտմանը:

Բացի այդ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրերի պատասխանատուների գործուն աջակցությամբ պայմանագիր է կնքվել ՀՀ քննչական կոմիտեի և Կորած և թրաֆիքինգի ենթարկված երեխաների որոնման ազգային կենտրոնի միջև, ներդրվել տեղեկատվության փոխանակման թեժ գիծ:

«Նկատի ունենալով առկա համագործակցությունը և մեծապես կարևորելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացմանը, առավել արդարացի և թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը, ես լիահույս եմ, որ մեր համատեղ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ, իսկ հատկապես Ձեզ թույլ տվեք անձամբ իմ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել՝ կատարված մեծածավալ աշխատանքի համար, մաղթել հաջողություն և նոր ձեռքբերումներ»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

Մայքլ Շուլմանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ Քննչական կոմիտեն գերատեսչություններից լավագույնն է, որն իրականացնում է էլեկտրոնային փաստաթղթավորման աշխատանքները:

«Սա իսկական համագործակցություն է, ես մեծ գոհունակությամբ աշխատեցի վերջին երեք տարիների ընթացքում, և այս շփումներից շահեց գործը»,- հավելել է Շուլմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ