ՀՀ նոր նախագահի ընտրության համար ԱԺ-ում 81 ձայն է անհրաժեշտ․ «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող առանց ընդդիմության նախագահ ընտրել առաջին փուլում

Աննա Կոստանյան 24.01.2022 - 14:53
24.01.2022 - 14:53 դիտում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել, և նրա հրաժարականից հետո նախագահի լիազորությունները կատարելու է ՀՀ ԱԺ նախագահը։

Հանրապետության նոր նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ 35 օր հետո: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը (27 պատգամավոր)։

Նշենք, որ Հանրապետության նախագահ է ընտրվելու այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, առաջին փուլում ընտրության համար անհրաժեշտ են պատգամավորների 81 կողմ ձայներ։ Ինչպես հայտնի է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում ունի 71 մանդատ։ Այսինքն՝ անհրաժեշտ է ևս 10 ձայն՝ նոր նախագահի ընտրության համար, և առանց ընդդիմության ձայների, դա հնարավոր չի լինի։ Ընդ որում, «Պատիվ ունեմ»-ի ձայները չեն բավականացնի։

Եթե Հանրապետության նոր նախագահը չընտրվի առաջին փուլում, ապա կանցկացվի ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվելու այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը․ ընտրության համար անհրաժեշտ է 65 ձայն։

Ասել է թե, եթե ընդդիմությունը կամ իշխանությունը տապալեն առաջին փուլի ընտրությունը, իշխող ՔՊ-ն նախագահ կարող է ընտրել 2-րդ փուլով՝ առանց ընդդիմության։

Եթե հանրապետության նախագահը կրկին չընտրվի, ապա անցկացվելու է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ