ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի վարչապետին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը

Աննա Կոստանյան 4.04.2023 - 17:26
4.04.2023 - 17:26 դիտում


Ապրիլի 4-ին Բուխարեստում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ երկար ընդմիջումից հետո ԱԳ նախարարի մակարդակով կազմակերպված պաշտոնական այցը կարող է այդ ուղղությամբ կարևոր խթան հանդիսանալ: Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Հայաստան-Ռումինիա միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևաչափը:

Մտքեր են փոխանակվել ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակության շուրջ: Բարձր է գնահատվել ինչպես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և զարգացման օրակարգին ԵՄ աջակցությունը, այնպել էլ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին առաքելության իրագործմանն աջակցություն ցուցաբերելու համար։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Նիկոլաե Չուկան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի վարչապետին է ներայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այլ դրույթների կոպտագույն խախտումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ արգրեսիաներն ու առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը:

Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը և բոլոր խնդիրները խաղաղության գործընթացի միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ