Հինգ ռազմագերի են բերել Երևան, 100 000 պատվաստանյութ են տրամադրել․ Միրզոյանը՝ Սաֆարովի հանձնումից հետո Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին

Աննա Կոստանյան 7.12.2022 - 17:26
7.12.2022 - 17:26 դիտում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին հարցին:

«Առիթ ունեցել եմ ասելու, որ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել: Հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին:

Բայց այդ իրադարձությունները հիշելով՝ նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիների հետ եկան Երևան: Մենք նաև չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը քովիդի դեմ պայքարի շրջանակներում»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ կան բազմաթիվ այլ օրինակներ, այդ թվում՝ ֆինանսական աջակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն: Կա համագործակցություն նաև դպրոցների մակարդակում:

«Առաջիկայում կլսեք մեր երկու երկրների կողմից դեսպանների նշանակման մասին»,- ասաց Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ