Հիմա արդեն դատական համակարգի աշխատավարձերով մոտարկվում ենք եվրոպական չափանիշներին. Փաշինյան

Աննա Կոստանյան 6.12.2023 - 12:48
6.12.2023 - 12:48 դիտում

 

Հինգ տարի իրականացրած բարեփոխումներից հետո ի վերջո տեսնում ենք ապօրինի գույքի բռնագանձման գործերի որոշակի ակտիվություն, և այդ գործերը քննվում են նոր ձևավորված Հակակոռուպցիոն դատարաններում: Այդ մասին 2024-ի պետբյուջեի լրացումների մասով ԱԺ-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը հիշեցրեց՝ հեղափոխությունից հետո ձևավորվել են երեք ատյանի Հակակոռուպցիոն դատարաններ՝ դատավորների բարձր աշխատավարձով. «Ընդ որում՝ հիմա արդեն դատական համակարգի աշխատավարձերով մենք մոտարկվում ենք եվրոպական չափանիշներին»:

 

Ըստ Փաշինյանի՝ էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: 2018 թվականից ի վեր Հայաստանում դատավորի 60 նոր հաստիք է ավելացել, բազում այլ բարեփոխումներ են իրականացվել, հիմա արդեն փոքր՝ մինչև 5 միլիոն դրամ գումարի բռնագանձման գործերով արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումն իրականացվելու է առանց դատարանը ծանրաբեռնելու:

 

«Ընդունվել է փաթեթ, որով դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վերջին երկու տարվա ընթացքում տվյալ դատավորը կքննի միայն վճարման կարգադրություն արձակելու և պարզեցված վարույթի գործեր, որպեսզի թոթափվի մյուս դատավորների բեռը, չավարտված և փոխանցված գործեր չլինեն, որոնք մեր օրենսդրությամբ սկսվում են զրոյից»,- ասաց նա:

 

Նախատեսվում է նաև դատարաններն ազատել ակնհայտ անհիմն հայցերից, վերաքննիչ քաղաքացիական դատարանը թոթափել փոքր գործերից, դատական ծանուցումներն իրականացնել հեռախոսակապի և ինտերնետ կապի կիրառմամբ, օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով և ամբողջությամբ թվայնացնելով քաղաքացիական ու դատավարական վարչարարությունը:

 

«Սրանք քայլեր են, որ մեր դատարաններին թույլ կտան հնարավորինս քիչ ժամանակ ծախսել տեխնիկական և ակնհայտ ելքով աշխատանքի վրա, կենտրոնանալ արդարություն և արդարադատություն իրականացնելու գործի վրա: Եվ որպես արդյունք՝ ՀՀ քաղաքացին պիտի վստահ լինի, որ եթե իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, ինքը վստահաբար արդարությունը պետական ինստիտուտների միջոցով վերականգնելու հնարավորություն ունի, և այս զգացողությունն էական է մեր պետության, ՀՀ զարգացման շահերի տեսանկյունից»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ