Հարկային վարչարարության բարեփոխումներն սկսվում են յուրաքանչյուր աշխատակցից. ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ

2.10.2026 - 11:10 դիտում

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ, որում նշված է.

«Հարգելի՛ հարկային ծառայողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ։

Այս օրը նախևառաջ առիթ է արժևորելու մեր առաքելությունը։ Հարկային ծառայողի ամենօրյա աշխատանքը հաճախ տեսանելի է միայն վերջնական ցուցանիշներով, մինչդեռ դրանց հիմքում լայնածավալ, պատասխանատու և հոգատար աշխատանք է՝ խորքային վերլուծություններ, բարդ որոշումներ և հարկ վճարողների հետ քննարկումներ։

Մեր համակարգն արագորեն վերափոխվում է։ Այսօր հարկային վարչարարությունն անհնար է պատկերացնել առանց թվային լուծումների։ Ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ ապահովվում է հարկային եկամուտների շարունակական աճը, սակայն մեր տեսլականն ավելի հեռուն է գնում։ Արհեստական բանականության և մեծ տվյալների վերլուծության հնարավորությունների կիրառմամբ մենք պետք է ձևավորենք ժամանակակից, պարզ և թափանցիկ միջավայր, որտեղ հարկ վճարողը կստանա արագ և որակյալ ծառայություններ։

Այդուհանդերձ, որքան էլ զարգանան տեխնոլոգիաները, համակարգի առանցքում մնում է մարդը։ Հարկ վճարողի վստահությունը ՊԵԿ-ի նկատմամբ հաճախ ձևավորվում է ամենասովորական շփումից՝ ծանուցման բովանդակությունից, մեկ հեռախոսազանգից, խորհրդատվությունից կամ կարճ հանդիպումից։ Ուստի կարևոր է, որ մասնագիտական գիտելիքն ուղեկցվի հարգալից, բաց և հոգատար վերաբերմունքով։

Բիզնեսի հետ մեր հարաբերություններում կարևորագույն սկզբունքներից մեկը հավասարակշռությունն է․ կանոնները պետք է լինեն հստակ և հավասար բոլորի համար, իսկ տնտեսվարողը՝ գործի կանխատեսելի և վստահելի միջավայրում։

Հարկային վարչարարության բարեփոխումներն սկսվում են յուրաքանչյուր աշխատակցից՝ իր որոշումների պատասխանատվությունից և այն գիտակցումից, որ իր ամենօրյա աշխատանքը պետականաշինության կարևորագույն մաս է։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր վաստակաշատ ծառայողներին՝ համակարգին միացած երիտասարդ մասնագետներին իրենց փորձը փոխանցելու պատրաստակամության համար։ Փորձառության և նորարարության համադրությունն է, որ ապահովում է մեր առաջընթացը։

Մաղթում եմ ձեզ անսպառ էներգիա, մասնագիտական նոր ձեռքբերումներ և անսասան վստահություն սեփական ուժերի նկատմամբ։

Թող ձեր աշխատանքը գնահատվի ոչ միայն արձանագրված ցուցանիշներով, այլև այն բարձր պատասխանատվությամբ, որով ամեն օր ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը։

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ