Հարավային Կովկասում պատերազմի ռիսկն իրական է և չի կարող ծառայել Եվրոպայի շահերին. Ռասմուսենի հարցազրույցը Le Figaro-ին

25.03.2023 - 16:09 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգը մոտ ապագայում իրական է և թերագնահատված: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ Le Figaro թերթի հետ հարցազրույցում:

Անդևադառնալով Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Ռասմուսենը նշել է, որ դրա վերջնական նպատակը կարող է լինել էթնիկ զտումը, որն այնքան կբարդացնի բնակիչների կյանքը, որ նրանցից շատերը կլքեն Լեռնային Ղարաբաղը։

«Ես ուղերձ եմ հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով վերացնել շրջափակումը։ Նա ինձ չի պատասխանել, ինչպես երբեք չի արձագանքել միջազգային հանրության տարբեր հայտարարություններին։ Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին վերականգնել տեղաշարժը։ Բայց շրջափակումը դեռ շարունակվում է։ Ես բարձր եմ գնահատում Էմանուել Մակրոնի հաստատակամ հանձնառությունն այս հարցում և հուսով եմ, որ Ֆրանսիային կմիանան Եվրամիության մյուս հիմնական անդամ պետությունների՝ նախագահ Ալիևի վրա ճնշումն ուժեղացնելու հարցում»,- նշել է Ռասմուսենը:

Նա հավելել է, որ Բաքվի վրա ճնշումն ուժեղացնելու համար հիմք կարող է հանդիսանալ ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համաձայնագիրը: «Կարևոր է Բաքվին ասել, որ մեր էներգետիկ հետաքրքրությունը մեզ չի ստիպի հայացքը փախցնել հնարավոր հումանիտար աղետից»,- նշել է ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյան, հավելել՝ Եվրոպական Միությունը պետք է Ալիևի ռեժիմին հասկացնի, որ միջազգային իրավունքի խախտումները Հայաստանի և Արցախի նկատմամբ անպատիժ չեն մնալու։

«Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ 2020 թ. համաձայնագրի կնքման պահից: Նրանք շատ մոտ են շրջափակման վայրին, բայց ոչինչ չեն անում։ Մոսկվան բացարձակապես ոչինչ չարեց այս իրավիճակը կանխելու համար, ինչպես և ոչինչ չասաց, երբ Բաքուն սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի վրա։ Բացառված չէ, որ Մոսկվան, բացի իր պատմական դաշնակցին օգնել չցանկանալուց, դրա համար հնարավորություններ չունի, քանի որ ամբողջությամբ զբաղված է Ուկրաինական ճակատում։ Ամեն դեպքում, Կովկասում ակնհայտորեն պարադիգմայի փոփոխություն է տեղի ունենում, երբ ռուսական ազդեցությունը թուլանում է»,- նշել է Ռասմուսենը:

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը չափազանց փոքր է, և նրա միջոցները չափազանց սահմանափակ են: Նա ԵՄ-ին կոչ է արել իրական փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

«Մենք պետք է կոչ անենք նախագահ Ալիևին՝ մասնակցելու խաղաղ բանակցություններին: Հայաստանի վարչապետն այս առումով մեծ ճկունություն է ցուցաբերել՝ նշելով, որ իր և իր կառավարության համար Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության երաշխիքները առաջնահերթություն կունենան վերջինիս կարգավիճակի նկատմամբ»,- նշել է Ռասմուսենը՝ հավելել, որ եթե նման սցենարը նյութականացվեր, ապա միջազգային մեխանիզմ կպահանջվեր երաշխիքներ ապահովելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ