Հաջորդ տարվանից Գյումրու որոշ մանկապարտեզներում կբարձրանա վարձավճարի չափը

Աննա Կոստանյան 7.08.2021 - 16:21
7.08.2021 - 16:21 դիտում

Հաջորդ տարվանից, հավանաբար, կբարձրանա Գյումրու համայնքային որոշ նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարձավճարների չափը։ Պատճառը պայմանավորում են համավարակի տարածման օրերին հաստատությունների աշխատանքի դադարեցումը, որի հետեւանքով առաջ են եկել ֆինանսական խնդիրներ։ Այս օրերին աշխատակազմն ամբողջական աշխատավարձ է ստացել։

Ամսական վարձավճարի չափը մեկ սանի հաշվարկով, ըստ նախնական տեղեկությունների, 2022 թվականի հունվարի մեկից բարձրանալու է 1000 դրամով։ Գյումրիում ամսական վարձավճարները տատանվում են 5000-8000 դրամի միջեւ։ Վարձավճարների թանկանալու մասին առաջինը տեղեկացնում են սաների ծնողները, որոնց արդեն իսկ հասել են թանկացման վերաբերյալ որոշ մանրամասներ։ «Ասպարեզի» հետ զրույցում որոշ մանկապարտեզների տնօրեններ այս տեղեկությունները հերքեցին, որոշները՝ հաստատեցին։

«Երազանք» մանկապարտեզի մանկավարժ  Ժենյա Եղոյանն ու «Արարատ» մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆյա Սարգսյանը չբացառեցին հաջորդ տարվանից վարձավճարի թանկացումը։ Պատճառ նշվեց նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւանքով ստեղծված ֆինանսական խնդիրները։

«Երազանք» մանկապարտեզում ամսական վարձավճարը 6000 դրամ է, իսկ «Արարատ»-ում՝ 7000։

Իսկ «Կարմիր գլխարկ» մանկապարտեզի տնօրենի Շուշանիկ Ստեփանյանն ու «Ծիածան» մանկապարտեզի տնօրեն Արմինե Մուրադյանը բացառեցին հաջորդ տարվանից վարձավճարի թանկացումը։

Գյումրիում վերջին անգամ համայնքապատկան նախադպրոցական հաստատությունների վարձավճարների թանկացում 500-1000 դրամի չափով եղել էր երկու տարի առաջ, երբ սաների թվաքանակի վերանայումից հետո հաստատությունները ստացան լիցենզիա։ Սաների թվաքանակի կրճատման խնդիրը լուծելու նպատակով մանկապարտեզների տնօրենները որոշեցին բարձրացնել վարձավճարի չափը։

Գյումրու համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծնողական վարձավճարի բարձրացման չափը հաստատվում է ավագանու որոշմամբ, որի համար հիմք են լինելու վարձավճարի բարձրացման հիմնավորումն ու ծնողների ժողովների արձանագրությունները, որով հաստատվելու է, որ վերջիններս համաձայնել են բարձրացման հետ։

Նյութի աղբյուրը՝ Asparez.am:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ