ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին անդամ երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է համաձայնեցնել որոշման նախագիծ

Աննա Կոստանյան 28.10.2022 - 17:45
28.10.2022 - 17:45 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի ս.թ. սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը:

Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը:

Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ