ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները առաջարկներ են ներկայացրել՝ որոշումների նախագծերը վերջնական տեսքի բերելու համար

Անի Հովհաննիսյան 28.10.2022 - 20:17
28.10.2022 - 20:17 դիտում

2022 թվականի հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի միջոցով կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որին նախորդել են կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Նիստին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նիստի ընթացքում երկրների ղեկավարները լսել են ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի զեկույցը կազմակերպության առաքելության աշխատանքի մասին, որը Հայաստան է ուղարկվել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են կազմակերպության հանձնառությունը՝ ամրապնդելու խաղաղությունը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, հավաքականության հիման վրա պաշտպանելու ՀԱՊԿ անդամ երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։

Մասնակիցները համոզմունք են հայտնել, որ առկա հակասությունները և վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածություններին համապատասխան։

Նիստի ավարտից հետո ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները մի շարք առաջարկություններ են արել՝ համապատասխան որոշումների նախագծերը վերջնական տեսքի բերելու համար։

Բելառուսի ԱԳՆ-ից հայտնել են, որ նույն ձևաչափով ևս մեկ հանդիպում է անցկացվելու նոյեմբերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ