Հանրային պաշտպաններն արտաժամյա աշխատանքի դիմաց կստանան 15 տոկոսի չափով հավելավճար

Աննա Կոստանյան 24.10.2023 - 17:33
24.10.2023 - 17:33 դիտում

Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձի ֆոնդին պետական բյուջեից 15 տոկոսի չափով գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության նպատակով: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու առանցքային գործոնով՝ յուրաքանչյուր տարի Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության կայուն աճով, ինչպես նաեւ Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերի՝ 2022 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ մտնելու հանգամանքով: Չնայած հանրային պաշտպանների թվաքանակի վերջին ավելացմանը՝ նրանց ներկա թվաքանակը եւս թույլ չի տալիս վերջիններիս չներգրավվել արտաժամյա աշխատանքում: Հանրային պաշտպանները ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին հերթապահում են, մասնակցում քննչական եւ դատավարական գործողությունների: Նրանք կատարում են արտաժամյա եւ գիշերային աշխատանք, սակայն լրացուցիչ չեն վարձատրվում: «Փաստաբանության մասին» օրենքում առաջարկվող կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացնելով՝ այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Հարցը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Նշվել է, որ 15 տոկոս հավելումը հատկացվելու է միայն արտաժամյա աշխատանքի համար` ըստ կատարած աշխատանքի: Գրասենյակի ղեկավարին եւ տեղակալներին այդ հավելավճարը չի տրվելու:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ հանրային պաշտպաններն իրականացնում են սոցիալական կոնկրետ խմբերի իրավունքների պաշտպանությունը: «Քանի՞ հանրային պաշտպան ունենք, որքա՞ն է նրանց միջին աշխատավարձը, որ հասկանանք՝ ինչքա՞ն գումարի ավելացման մասին է խոսքը»,- հետաքրքրվել է պատգամավորը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ հանրային պաշտպանների հաստիքային միավորը 69 է, որից 34-ը Երեւանում են: Մարզերին հատկացված 35 հաստիքային միավորները բաշխվել են դրույքներով, որի արդյունքում կա 58 հանրային պաշտպան: Այսինքն՝ 69 թվակազմով գործում է 92 հանրային պաշտպան: Այս պահին նրանք ստանում են 395.000 աշխատավարձ, նախագծի ընդունման արդյունքում դրան կգումարվի լրացուցիչ 15 տոկոսը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանի խոսքով նախագծի ընդունումը կնպաստի հանրային պաշտպանի աշխատանքի համար որակյալ կադրերի ներգրավմանը, պահպանմանը, ինչպես նաեւ արտաժամյա եւ գիշերային աշխատանքի դիմաց լրացուցիչ աշխատավարձ ստանալու իրավունքի իրացմանը: Հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ