Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված երկու տասնյակից ավելի միջոցառում կանցկացվի. Զախարովա

26.03.2022 - 11:00 դիտում

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև երկու երկրների միջև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ պատրաստվում ենք երկու տասնյակից ավելի միջոցառում անցկացնել՝ քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում։ Այդ մասին «Լուրերի» հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ավանդույթի համաձայն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարության օրը՝ ապրիլի 3-ին, կսկսենք պետությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների շնորհավորական ուղերձների փոխանակմամբ: Ապրիլի երկրորդ տասնօրյակին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան, իսկ ապրիլի 8-ին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ՌԴ: Մշակվում են նաև այլ շփումները տարբեր մակարդակներում: Երևանի կենտրոնում նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության «Դարերի միասնություն» հուշարձանը»,- տեղեկացրել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ 2022 թ. ընթացքում Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր, իսկ  Հայաստանում՝ Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր, տեղի կունենա հերթական երիտասարդական համաժողովը: Զախարովայի խոսքով՝ նախատեսվում է հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերի թեմայով կլոր սեղանների անցկացում։

«Ոչ դասական գաղափարներից են հոբելյանական նամականիշի համատեղ թողարկումը, ինչպես նաև Մոսկվայի և Երևանի տարբեր շենքերի ճարտարապետագեղարվեստական լուսավորումը՝ երկու պետությունների պետական դրոշների գույներով»,- հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ խոստանալով ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնել ապրիլի 3-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ