Հայ-ադրբեջանական կարգավորմանը եվրոպական կառույցների ներգրավումն անթույլատրելի է. այն պետք է հիմնված լինի եռակողմ հայտարարության վրա. Պետդումայի խոսնակը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին

Աննա Կոստանյան 13.02.2023 - 17:14
13.02.2023 - 17:14 դիտում

Ռուսաստանի Պետդումայի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել՝ ընդգծելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկ զարգացումը։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան համաձայնագիր են ստորագրել մարմինների միջև համագործակցության մասին, հայտնում է Պետդումայի կայքը։

Բացի այդ, օրենսդիր գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հետպատերազմյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։

Գաֆարովան նշել է, որ Բաքուն բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումն այս հարցում։

Վոլոդինը հայտարարել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործում եվրոպական կառույցների ներգրավման անթույլատրելիության մասին՝ նշելով, որ հետպատերազմյան ամբողջ կարգավորումը պետք է հիմնված լինի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության վրա։ Նա հորդորել է ամեն ինչ անել այս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ