Հայկական կողմն այս պահին ունի 49 զոհ. վարչապետ

Անի Հովհաննիսյան 13.09.2022 - 11:29
13.09.2022 - 11:29 դիտում

Ադրբեջանը փորձում է  ներկայացնել, թե իր գործողությունները եղել են պատասխան Հայաստանի կողմից սադրանքների: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է, սուտ և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ այս պահին ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ կա:

«Պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ: Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի, նոր հրապարակվի: Սա է պատճառը, որ մենք, նաև նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով, մինչև վստահ չենք լինում, զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չի հրապարակվում:

Մեր զինվորները, մեր սպաները, մեր բանակը կռվել են անձնուրացաբար, հերոսաբար: Պիտի նաև, հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված զինվորներին և սպաներին, ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:

Քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել, ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում է, որ ՀՀ-ն ունի և կունենա ինքնիշխանություն, հայկական պետականությունըկլինի հարատև, ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ