«Հայկական խաչմերուկ» նախագիծը մի փոքր վերաձևակերպել ենք. Փաշինյան

Աննա Կոստանյան 25.10.2023 - 17:39
25.10.2023 - 17:39 դիտում

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Խաղաղության խաչմերուկի» մասին:

«Գործնականում մեր հանրության համար, բացի ռեբրենդինգից, նոր բան չկա, բայց կարևոր էր եվրոպական ամբիոնից պարզաբանումներ անելը: Հենց հիմա մենք հրատարակության ենք ուղարկել մի նյութ՝ բրոշյուր, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»: Այն անգլիալեզու է, որտեղ արտահայտված են մեր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի մասին: Հաճույքով այդ նյութը կկիսենք և՛ մեր խորհրդարանական գործընկերների, և՛ ՀԿ-ների, և՛ բոլոր ցանկացողների հետ: Իհարկե, նյութի վերաբերյալ նաև, կարծում եմ՝ տեսանյութ կլինի՝ կարճ հոլովակ, որպեսզի այն շփոթը վերանա, որի մասին այս ամբիոնից խոսել եմ՝ կապված «միջանցք» եզրաբանության հետ, որը աշխարհի այլ հատվածներում այլ իմաստ և նշանակություն ունի, մեր հատվածում՝ մեզ հայտնի և բոլորին հայտնի հանգամանքների բերումով՝ մի փոքր այլ: Մենք այդ նյութի մեջ ներկայացնում ենք հնարավոր երթուղիները, առաջարկները, և դա մենք ընկալում ենք որպես տարածաշրջանային նախագիծ և պատրաստվում ենք այդ նախագիծն ուղարկել միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց արձագանքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ «Հայկական խաչմերուկ» նախագիծը մի փոքր վերաձևակերպվել է: «Փորձ ենք արել բոլոր ատրիբուտներով օժտել նախագիծը: Այդ նախագիծն ունի արդեն տարբերանշան, որոշակի բրենդինգ: Սա արվում է նրա համար, որ հանրությանը հնարավորինս հասանելի լինի:

Այսօր երեկոյան արդեն տպագիր նյութը պատրաստ կլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ