Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. «Լուսավոր Հայաստան»

17.12.2022 - 17:37 դիտում
Այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը։
Համաժողովի ժամանակ ընդլայնված կազմով քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին մարտահրավերները, որի արդյունքում կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է ընդունել։
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը։
«Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը, գնահատելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարում է.
· 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները վերահաստատում են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստանի»՝ համերաշխության և ներքին միասնականության անհրաժեշտության օրակարգը՝ հանուն Հայաստանի պետականության պաշտպանության ու ամրապնդման։
· Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ թշնամական սադրանքները վերստին հաստատում են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային արդյունավետ մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է Արցախի ժողովրդի կյանքի և անվտանգության երաշխավորումը։
· Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակի գնահատումից բխում է, որ Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը այլընտրանք չունի։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չեն։
· Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները պետք է նոր թափ հաղորդեն ժողովրդավարական և արդիական պետությանը հարիր բարեփոխումների օրակարգն առաջ մղելու հարցում։
· Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում ընթացող բարեփոխումները՝ շարունակելով մնալ առաջնահերթություն, պետք է երաշխավորեն արդիական, պրոֆեսիոնալ բանակի տեսլականի իրագործումը, որն աներկբա կապահովի Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։
Հանուն այս մարտահրավերների հաղթահարման «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը համագործակցել բոլոր գործող քաղաքական, հասարակական միավորների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ»։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ