Հայաստանում կթույլատրվի արդյունաբերական կանեփի մշակությունը՝ լիցենզիայի առկայությամբ. Ավինյան

Աննա Կոստանյան 29.04.2021 - 12:54
29.04.2021 - 12:54 դիտում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը:

Փոխվարչապետը հիշեցրեց՝ դեռ տարվա սկզբին Կառավարությունն ընդունել էր տնտեսական արձագանքման ծրագիրը, որով նախատեսվում էր մի շարք տնտեսական ծրագրերի իրագործում, այդ թվում՝ գյուղատնտեսական նոր, ավելացված արժեք ձևավորող՝ ընտրված մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ձևավորում, որի շրջանակում առաջարկվում է ապահովել արդյունաբերական կանեփի մշակության գործընթացը:

«Այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և բազմազան ապրանքներում՝ օրինակ՝ տեքստիլը, կահույքի արտադրությունը, ավտոմոբիլային արտադրությունը, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: ԵՄ տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում դեռևս 70-ական թվականներից: Ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրում: Ընդ որում՝ 1 հա տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ միջինը 75-210 լիտր CBD յուղ, 6 տոննա ծղոտ, որը կարող է վերածվել մոտ 1.5 տոննա մանրաթելի»,- նշեց Ավինյանը՝ հիշեցնելով, որ արդյունաբերական կանեփի մշակությունը թույլատրված է նաև ՌԴ-ում, ԱՄՆ մի շարք նահանգներում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում և այլ երկրներում:

Առաջարկվող կարգավորումներով Հայաստանում արտադրական կանեփի հետ կապված գործունեությունն է թույլատրվում, մասնավորապես՝ արտադրությունը, վերամշակումն ու մշակությունը, թույլատրվելու է ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

«Նախատեսվում են լիցենզավորման առանձնահատկություններ: Հստակ սահմանավում է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ: Սահմանվում է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավական կարգավորումներ: Ոլորտը բավականին բարդացված է լինելու՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ լիցենզիաները տրվելու են 10 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ:

Փոխվարչապետը նշեց, որ արդյունաբերական կանեփը չի ունենում հոգեմետ ազդեցություն և չի կարող օգտագործվել որպես թմրամիջոց: Գործընթացում ենթադրվում է ոստիկանության հսկողությունը: Բավականին բարձր պետական տուրքի դրույքաչափեր են նախատեսվում գործունեության համար, քանի որ վերահսկողության վրա պետությունն էական գումարներ է ծախսելու: Արդյունաբերական կանեփի մշակությունն էլ թույլատրվելու է միայն փակ տարածքներում՝ ռիսկն էականորեն նվազեցնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ