Հայաստանում կարգելվեն սնդիկի հավելիչով որոշ արտադրանքների արտադրությունը, ներկրումը և արտահանումը

Աննա Կոստանյան 22.03.2022 - 15:43
22.03.2022 - 15:43 դիտում

Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Ազգային ժողովին առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:

««Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից:

Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից:

Ի կատարումն կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների՝ 2020 թվականից հետո կոնվենցիան վավերացրած երկրները, կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն, արգելում են կոնվենցիայում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը և արտահանումը»,- նշել է նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է, որ «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը կնպաստի դրա ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանմանը սնդիկի և սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից:

«Սույն նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, և կատարվել են համապատասխան փոփոխությունները»,- հավելել է նախարարի տեղակալը։

Հարակից զեկուցող ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանը նշել է, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն»,- նշված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ