Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ. 2023 թ. դեկտեմբերին այդ թիվը կազմել է 741 հազար 726

Աննա Կոստանյան 25.01.2024 - 17:12
25.01.2024 - 17:12 դիտում

Հայաստանում 2023 թ. դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 հազար 726, որը 2018 թ. մայիսի նկատմամբ ավելի է 193 հազար 737-ով: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր՝ ՀՀ-ում բացվել է 193 հազար 737 աշխատատեղ:

Միջին ամսական աշխատավարձը (այսինքն՝ մեկ աշխատողի հաշվով) 2023թ. դեկտեմբերին կազմել է 356,180 ՀՀ դրամ: 2023թ. դեկտեմբեր` 2018թ. դեկտեմբերի նկատմամբ՝ ավելի է 133,399 ՀՀ դրամով կամ 59.9%-ով, 2023թ. դեկտեմբեր` 2022թ. դեկտեմբերի նկատմամբ՝ ավելի է 25,273 ՀՀ դրամով կամ 7.6%-ով:

«Կարևոր է աշխատավարձի ֆոնդի ցուցանիշը՝ 2023 թվականի դեկտեմբերին աշխատավարձի ֆոնդը կազմել է 264 միլիարդ 188 միլիոն դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 167 միլիարդ 501 միլիոն դրամով կամ 173 տոկոսով։ Իսկ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր 13,3 տոկոսով կամ 31 միլիարդ դրամով։ Սա կարևոր է արձանագրելու համար գնաճի և աշխատավարձերի աճի հարաբերակցությունը։ Էական եմ համարում նաև համեմատել եկամտային հարկի վճարման ցուցանիշները. 2023 թվականի դեկտեմբերին եկամտային հարկը կազմել է 52 միլիարդ 199 միլիոն դրամ, որը 2018 թվականի մայիսի համեմատ ավելի է 28 միլիարդ 35 միլիոն դրամով։ Սա այն էֆեկտն է, երբ մենք նվազեցրել ենք եկամտային հարկի դրույքաչափը, բայց կրկնակիից ավելի եկամտային հարկ ենք հավաքել», –ասել է վարչապետը:

Աշխատատեղերի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ևս մեկ կարևոր վիճակագրություն. «2018 թվականի դեկտեմբերին, մինչև 150,000 դրամ վարձատրությամբ աշխատողների թվաքանակը ընդհանուրի մեջ կազմում էր 60,4 տոկոս։ 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 43,3 տոկոս, այսինքն՝ ավելի քան 17 տոկոսով ցածր աշխատավարձային սեգմենտը նվազել է։ 150 000-500 000 դրամ աշխատավարձ ստացողները 2018 թվականի դեկտեմբերին եղել են 31,2 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերին 40,6 տոկոս, այսինքն`9 տոկոս աճ ունենք։ 500 000 և ավելի աշխատավարձ ստացողների թվաքանակը 2018 թվականին կազմում էր ընդհանուրի մեջ 8,4 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 16,1 տոկոսով: 2018 թվականին 500,000 դրամ և ավելի աշխատավարձ Հայաստանում ստացել է 49 239 մարդ, 2023 թվականին ստանում էր՝ 119 483 մարդ: Այսինքն՝ այս թիվը կրկնապատիկից ավելի չափով մեծացել է, ինչը, կարծում եմ, շատ էական ցուցանիշ է։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ մեր բյուջետային վերջին քննարկումների ժամանակ արձանագրեցինք նաև, որ մեր մոտ իրական աշխատավարձի էական աճ նույնպես տեղի է ունեցել: Եթե հիշողությունս չի դավաճանում, 2022 թվականի արդյունքներով, որովհետև 2022 թվականին շատ մեծ գնաճային տարի էր բոլորիս համար, իրական աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում աճել էր 33 տոկոսով։ Կարծում եմ՝ սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, բայց մյուս կողմից ուզում եմ արձանագրել, որ սրանք 2023 թ. դեկտեմբերի ցուցանիշներն են, և մենք պետք է բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրենք, որպեսզի 2024 թ. դեկտեմբերի ցուցանիշները լինեն էականորեն ավելի լավը՝ մեր նախանշած տնտեսական աճի ցուցանիշների սահմաններում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ