Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են սերտ կապեր և բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Վահագն Խաչատուրյան

Աննա Կոստանյան 31.08.2022 - 18:04
31.08.2022 - 18:04 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում ասվում է. «Մեր ժողովուրդներին միավորում են հարուստ պատմական անցյալը, ջերմ բարեկամական հարաբերությունները և ամուր գործակցությունը, որոնք մշտապես խարսխվել են բարի կամքի և փոխադարձ հարգանքի վրա։ Մշակութային ժառանգությունն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը նախորդ 30 տարիների ընթացքում նշանակալի դեր են խաղացել հայ-հնդկական հարաբերություններում՝ արձանագրելով վերընթաց զարգացում։

Այսօր Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են սերտ, բազմակողմանի կապեր և բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որոնց հիմքում ապագայի վերաբերյալ համանման պատկերացումներն ու ընկալումներն են։ Մեր երկրները բազմաթիվ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների շուրջ ունեն ընդհանուր տեսլական և սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Մենք նաև կրում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարության և հիմնախնդիրների խաղաղ հանգուցալուծման համընդհանուր արժեքները։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերությունները, ինչպես նաև միջպետական անկեղծ երկխոսությունն ու փոխշահավետ գործակցությունը կնպաստեն երկկողմ օրակարգի հետևողական խորացմանն ու ընդլայնմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ