Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու շուրջ քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ

Աննա Կոստանյան 1.12.2022 - 13:20
1.12.2022 - 13:20 դիտում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությունն այն մասին, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում:

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին:

Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում վերաբերելի գերատեսչությունները:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»,- ասել է Հունանյանը:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ երկու երկրի ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում և անգամ ճաշել Հայաստանի տարածքում։

«Քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա»,- ասել էր Քալընը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ