Հայաստանի հետ առցանց դիվանագիտությունն արդյունավետ չէ, պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. Բայրամով

Աննա Կոստանյան 28.02.2023 - 18:17
28.02.2023 - 18:17 դիտում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցում առցանց դիվանագիտությունը «անարդյունավետ» է որակել և Երևանին հրավիրել է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Հիմա համաձայնեցված ձևաչափից բացակայում է դեմ առ դեմ հանդիպումների հետ կապված տարրը, բայց գործընթացն ամբողջությամբ չսպանելու համար ադրբեջանական կողմը չի հրաժարվում մեկնաբանություններ ստանալ ու ուղարկել, իմ ասածը հենց առցանց դիվանագիտություն է։ Այսինքն՝ մեկնաբանությունները պարզապես փոխանցվում են։ Մենք սա համարո՞ւմ ենք հաղորդակցության ամենաարդյունավետ մեթոդը խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման ժամանակ։ Կարծում եմ՝ ոչ»,- Tert.am-ի փոխանցմամբ, ասել է Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Բայրամովն ընդգծել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության ոչ այլընտրանքային օրակարգին և շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փոխադարձ ընդունելի լուծումների որոնումը»։

«Ադրբեջանի դիրքորոշումը միանգամայն հետևողական է և հստակ. չնայած բոլոր դժվարություններին, մենք հավատարիմ ենք մնում 5 սկզբունքների վրա հիմնված խաղաղության օրակարգին»,- ասել է նա։

Բայրամովը հավելել է, որ «Հայաստանի քաղաքականությունը կառուցողական չէ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ