Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար

13.10.2026 - 10:52 դիտում

Հոկտեմբերի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիայի և քաղաքացիության ոլորտների ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները։

Նախարարն ընդգծել է, որ միգրացիոն հոսքերի էական փոփոխությունները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ և արդյունավետ մեխանիզմներ։ Հայաստանը ելքի երկրից վերածվել է մուտքի և տարանցիկ ուղղության․ 2025 թվականին անկախությունից ի վեր առաջին անգամ արձանագրվել է ՀՀ քաղաքացիների սահմանահատումների միգրացիոն դրական սալդո, իսկ դրական միտումը պահպանվել է նաև 2026 թվականի առաջին կիսամյակում։

Արփինե Սարգսյանն ընդգծել է միգրացիոն քաղաքականության ռազմավարական մոտեցումների հստակեցման և փաստաթուղթը մինչև տարեվերջ ընդունելու կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանը․ այս ուղղությամբ ծավալուն քննարկումների արդյունքում արդեն իսկ մշակվել է օրենսդրական նախաձեռնություն, որը գտնվում է ակտիվ քննարկման փուլում։ Կարևորվել է նաև վիզային քաղաքականության ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը։

Հայաստանի միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի թիմի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է ռազմավարության մշակման ընթացքը՝ ընդգծելով ՆԳՆ-ի, շահագրգիռ պետական մարմինների և միջազգային գործընկերների համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ ռազմավարությունը համապետական նշանակության փաստաթուղթ է, որի արդյունավետ իրականացումը պահանջում է համատեղ ջանքեր և միասնական մոտեցումներ։

Ռազմավարության հիմնական ուղղություններն են միգրացիայի և քաղաքացիության կառավարումը, ինտեգրման և վերաինտեգրման քաղաքականությունը, օտարերկրացիների կամավոր և հարկադիր վերադարձի սկզբունքները, ինչպես նաև միջազգային պաշտպանության իստիտուտը Հայաստանում։ Քննարկման ընթացքում կարևորվել են ոլորտային խնդիրների լուծումը, պետական մարմինների միջև համագործակցության խորացումը, տվյալների համակարգերի զարգացումը, փոխգործելիությունն ու տեղեկատվության փոխանակումը։ Միջազգային գործընկերներն անդրադարձել են ապաստանի համակարգի կարողությունների ամրապնդմանը, փախստականների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև օրինական, կանոնավոր և անվտանգ միգրացիայի խթանմանն ու անկանոն միգրացիայի կանխարգելմանը։

Ակտիվ քննարկման արդյունքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնականացնելու ռազմավարության նախագծային առաջարկները։Ներկա էին Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբիելյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Քննարկումը կազմակերպվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համատեղ ծրագրի շրջանակում՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ