Հայաստանը մտադիր է ոչ միայն երկարաձգել Իրանի հետ գազի պայմանագիրը, այլև ավելացնել գազի մատակարարումը. վարչապետ

Անի Հովհաննիսյան 11.11.2022 - 23:15
11.11.2022 - 23:15 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արձագանքելով Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման ու ռազմական բախման հնարավորությանը, նկատեց՝ ԻԻՀ-ն և Ադրբեջանը խոր մշակութային, տնտեսական կապերով իրար հետ կապված բարեկամ երկրներ են:

«Եթե որևէ հարց, բանավեճ կա, շատ երկրների հարաբերություններում կան դրանք, եկեք չափազանցությունների գիրկը չընկնենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ԻԻՀ-ն միջազգային և տարածաշրջանային հարցերում շատ կարևոր դերակատար է:

«Այս է պատճառը, որ մենք շատ սերտ հաղորդակցության մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ, ինձ համար շատ կարևոր է, որ մեր մտածածի, մտահոգությունների, դրանց հասցեագրման մեր պատկերացումների մասին ԻԻՀ մեր գործընկերները մեզնից ստանան տեղեկություններ, ինչպես նաև մեր մյուս գործընկերները: ԻԻՀ-ն կարևոր դերակատար է, մեզ համար կարևոր է նաև մեր հարաբերությունների բնականոն զարգացումը, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց` Հայաստանը մտադիր է ոչ միայն երկարաձգել Իրանի հետ գազի պայմանագիրը, այլև ավելացնել գազի մատակարարումը:

«Մենք Իրանից գազ ենք վերցնում, էլեկտրաէներգիա ենք արտադրում այդ գազով, էլեկտրաէներգիան վերադարձնում ենք ԻԻՀ-ին, իհարկե` որոշակի գործակիցներով, որ շահավետ լինի: Հիմա գործնականում այն էլեկտրագծերը, որ կան ՀՀ-ի և Իրանի միջև, ամբողջությամբ ծանրաբեռնված են: Որպեսզի մենք ավելի շատ գազ կարողանանք սպառել` էլեկտրաէներգիա արտադրելու համար, պետք է ավելի շատ դեպի Իրան արտահանելու հնարավորություն ունենանք, իսկ այդ հնարավորությունը մենք կստանանք երրորդ էլեկտրագծի շինարարության ավարտից հետո: Երբ այն ավարտվի, իհարկե, ավելի շատ գազ պատրաստ կլինենք վերցնել, որպեսզի ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարենք Իրանին»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրեց` այս հարցում ՌԴ-ի հետ որևէ հակասություն չկա, էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց համակարգը վաղուց կա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ