Եթե ընդունում ենք 1991 թ. սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից. Փաշինյանը՝ Ադրբեջանին փոխանցված նոր առաջարկի մասին

Անի Հովհաննիսյան 11.11.2022 - 22:14
11.11.2022 - 22:14 դիտում

Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, այն է՝ ԼՂ-ի շուրջը ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով: Այսօր, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, Փաշինյանն անդրադարձավ նաև այդ թեմային:

«Հնչեցրել եմ այդ առաջարկը: Կարծում եմ՝ դա հետագայում կդառնա քննարկման առարկա»,- ասաց Փաշինյանը:

Ապառազմականացման առաջարկ արվել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը հետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3-կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և արդեն հայկական կողմն Ադրբեջանին փոխանցել է դրա նորացված տարբերակը:

«Մենք արել ենք նույն առաջարկը, ինչ 2021 թվականին: Այս անգամ ավելի մանրամասն ենք արել այդ առաջարկը, որ եթե ընդունում ենք 1991 թվականի սահմանագիծը, իսկ հիմա, ինչպես արձանագրվել է Պրահայում և Սոչիում, մենք ընդունել ենք, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից:

Այսինքն՝ այդ գիծը, որ ամբողջ աշխարհին հայտնի է, այդ գծից այն կողմ ՀՀ-ն զորք պետք է չունենա, այդ գծից այս կողմ Ադրբեջանը պետք է զորք չունենա: Առաջարկում ենք 3 կմ դեմիլիտարիզացված գոտի ստեղծել: Դա նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է այդ 3 կմ գոտուց դուրս բերվեն, դրա փոխարեն այդ հատվածի պահպանությունը հանձնվի սահմանապահ զորքերին»,- ասաց ՀՀ վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ