Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը տեղեկացնում է Էլ Նինյո երևույթի առաջացման մասին

6.07.2023 - 18:57 դիտում

7 տարվա ընթացքում առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածում ստեղծվել են Էլ Նինյոյի առաջացման նախադրյալները, Էլ Նինյոն էլ պատճառ կդառնա գլոբալ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման, կործանարար եղանակային պայմանների ստեղծման համար։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նոր տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի երկրորդ կեսին էլ Նինյո երևույթի շարունակման հավանականությունը 90% է: Ակնկալվում է, որ այն կլինի առնվազն չափավոր ուժգնության։

Էլ Նինյոն կրկնվում է միջինը 2-7 տարին մեկ անգամ և սովորաբար տևում է 9-12 ամիս: Դա բնական կլիմայական օրինաչափություն է, որը կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և Արևելյան արևադարձային մասում մակերևույթի ջերմաստիճանի տաքացման հետ:

ՀՕԿ-ի մայիսյան զեկույցը, որն ամբողջ աշխարհի գործընկերների հետ համատեղ պատրաստել է Միացյալ Թագավորության օդերևութաբանական բյուրոն, նաև ասում է, որ կա 66% հավանականություն, որ 2023-2027 թվականներին երկրի մակերևույթի միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը կլինի ավելի քան 1,5°C-ով ավելի տաք նախաարդյունաբերական ժամանակահատվածի համեմատ:

ՀՕԿ-ի գլոբալ կլիմայի վիճակի մասին զեկույցում ասվում է, որ 2016 թվականը գրանցված ամենատաք տարին էր՝ շնորհիվ շատ հզոր Էլ Նինյո երևույթի «կրկնակի հարվածի» և անթրոպոգեն տաքացման:

Էլ Նինյոյի ազդեցությունը գլոբալ ջերմաստիճանի վրա սովորաբար ի հայտ է գալիս դրա առաջացման մեկ տարվա ընթացքում, ուստի, ամենայն հավանականությամբ ջերմաստիճանի տաքացումն առավել ակնհայտ կլինի 2024 թվականին:

2022 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը մոտ 1,15 °C-ով բարձր էր 1850-1900 թվականների միջինից՝ Լա Նինյայի եռակի սառեցման պայմաններում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ