Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական ձևաչափերով

Գոհար Ստեփանյան 14.04.2021 - 20:51
14.04.2021 - 20:51 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շարունակելով իր քննարկումները Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գարնանային հանդիպումների շրջանակում, տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու մի շարք գերատեսչությունների նախարարների տեղակալները:

Փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ հատկապես համավարակի և հետպատերազմյան բարդ շրջանում, և զրուցակցին ներկայացրել երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության կողմից նախաձեռնված քայլերը: Մհեր Գրիգորյանն առանձնահատուկ կարևորել է ՀԲ-ի կողմից սոցիալական աջակցության ծրագրերի համաֆինանսավորումը, ինչպես նաև ՀԲ-ի հետ առողջապահության ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները՝ միտված հոգալու համավարակի արդյունքում առաջացած հրատապ կարիքները:

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահը հայտնել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ ապահովելու շարունակական աջակցություն Հայաստանի Հանրապետությանը՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական ձևաչափերով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ կարևորելով դրանք ժողովրդավարական արժեքների ամրապնդման և ներքաղաքական իրավիճակի կայունացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը և դրա շրջանակներում Կառավարության որդեգրած քաղաքականությունը: Աննա Բյերդեն տեղեկացրել է փոխվարչապետին նաև պատվաստանյութերի ձեռքբերման հարցում ՀԲ աջակցության հնարավորության մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ