Համանախագահները, ՄԱԿ-ի ու ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ընդգծել են տարածաշրջան այցելելու պատրաստակամությունը

9.10.2021 - 08:44 դիտում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Իգոր Խովաևը (Ռուսաստանի Դաշնություն) այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքներն իրականացնելու լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման ֆոնին համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել հնարավոր ապաէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում`ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձի հետ կապված: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ համաձայնության ոլորտներ գտնելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու մտադրությունը:

Համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք սկզբունքային պատրաստակամություն են հայտնում միմյանց հետ հանդիպելու համանախագահների հովանու ներքո: Համանախագահներն անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելու և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան՝ քննարկելու այս գործընթացի հետագա քայլերը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ