Սեպտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արագած գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդն ու 30-ամյա որդին ձեռք են բերում և իրացնում առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, ինչպես նաև ապօրինի զբաղվում են դիզվառելիքի վաճառքով: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Տեղեկությունը ստուգելու նպատակով Արագած գյուղի նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են դիզվառելիքով լցված տարաներ։
30-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տանը և կից շինություններում կան առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, որոնք նախատեսված են վաճառելու համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տանը և կից շինություններում հայտնաբերվել են 10-լիտրանոց 80 տարա՝ ընդհանուր 800 լիտր դիզվառելիքով, 120 տուփ տարբեր տեսակի ծխախոտ և 7 շիշ կեղծ օղի։
Կատարվում է նախաքննություն։
Սեպտեմբերի 28-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում։ Ըստ տեղեկության՝ Դարբնիկ գյուղի խանութներից մեկում կեղծ օղի է վաճառվում։
Նշված խանութ մեկնած համայնքային ոստիկանները ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են առանց համապատասխան մակնշման 39 շիշ օղի։
Խանութի 70-ամյա սեփականատերը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ. այն քրեորեն պատժելի արարք է»,- ասվում է հաղորդագրությունում:
